Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում նշված ներքաղաքական քննարկումների պահանջը Հայաստանում չի կատարվում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին «Հայելի» ակումբում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:

Դաշնակցական գործիչը ասաց, որ ՀՅԴ-ն առաջիկա 4-5 շաբաթների ընթացքում, որ նախատեսված են քննարկումների համար, բողոքի գործողություններ է իրականացնելու: «Կուսակցությունը բավարարված չէ իբր թե քննարկումներով: Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ արտգործնախարար Դավութօլղուն հանդիպում է քաղաքական ուժերի հետ, Հայաստանի իշխանությունները քննարկումներ չեն անցկացնում այն պարզ պատճառով, որ գիտակցում են, թե ինչ թույլ են իրենց փաստարկները», ասաց Հովհաննիսյանը: ՀՅԴ-ն, ի դեպ, այսօր մի փաստաթուղթ է տարածելու, որտեղ նշել է, թե արձանագրությունների վերաբերյալ ՀՅԴ-ն ինչ առաջարկներ ունի:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն առաջիկայում հանդիպելու է քաղաքական ուժերի հետ, Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Եթե նման բան լինի, դա ողջունելի կլինի, բայց ոչ բավարար»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳՆ-ները հանդես եկան մամուլի հաղորդագրությամբ՝ ներկայացնելով նախաստորագրված երկու արձանագրություն, որոնց վերաբերյալ վեց շաբաթվա ընթացքում պետք է ներքաղաքական քննարկումներ անցկացվեն հարաբերությունների կարգավորման շուրջ: