«Ինձ համար այնտեղ Արամ Մանուկյան չկար»: NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Մինասյանի ներկայացրած էսքիզի մասին նման կարծիք հայտնեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, որը նույնպես Արամ Մանուկյանի արձանի մրցութային հանձնաժողովի կազմում է եղել:

«Մեր հանձնաժողովը իր խոսքն ասել, վերջացրել է, թե հիմա ինչ են բերել ներկայացրել, դա անհայտ է: Մենք ինչ-որ տեսել ենք մրցույթում, այլ բան է եղել, իսկ հիմա քաղաքապետարանը այլ բան է ներկայացնում: Ես այնտեղ Արամ Մանուկյան չեմ տեսնում: Իսկ մրցույթին ներկայացված էսքիզների համար՝ լավ, թե վատ, մենք մրցանակներ ենք նշել, սակայն ոչ մի անգամ որոշում չենք կայացրել, թե որ էսքիզի հիման վրա պետք է արձան կանգնեցվի»,-ասաց քանդակագործը` նշելով, որ քաղաքապետարանից հանձնաժողովին նույնիսկ տեղյակ չեն պահել, թե ինչպես են եռագույնով ծածկված Արամ Մանուկյանի արձանի տարբերակը ընտրել:

Լեւոն Թոքմաջյանը նշեց, որ Դավիթ Մինասյանի ներկայացրած էսքիզը երկրորդ խրախուսական մրցանակ է ստացել. «Եթե մեր տված մրցանակների հիման վրա ընտրեին, առաջին տեղը զբաղեցրած էսքիզի հիման վրա պետք է արձան կանգնեցնեին, քանի որ երկրորդ տեղը ուղղակի խրախուսական մրցանակ է»:

Քանդակագործը հավելեց, որ նույնիսկ քաղաքապետարանի աշխատակիցներին հանձնաժողովի անդամները հարցրել են, թե որ տարբերակն է ընտրվելու, նրանք էլ ասել են, որ որոշումն ընդունելուց հետո կտեղեկացնեն, սակայն մինչեւ օրս չեն տեղեկացրել:

Նշենք, որ քաղաքապետարանը հայ ականավոր պետական ու ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի էսքիզ է ընտրել քանդակագործ դավիթ Մինասյանի ներկայացրած էսքիզը: Այն պատկերում էր Արամ Մանուկյանին եռագույնով ծածկված, ինչը հանրության շրջանում քննադաությունների ալիք է բարձրացրել: