Թեկուզ «Զվարթնոց» օդանավակայանի շենքը չօգտագործվի, այն չարժե քանդել, քանի որ ճարտարապետական արժեք է իրենից ներկայացնում: NEWS.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

«Ես միշտ դեմ եմ եղել քանդելուն: Կենտրոնում էդ բարձրահարկ շենքերը, որ կանգնեցնում են, ինչի՞ համար են, թող դրանք քանդեն: Իսկ «Զվարթնոցը» ո՞ւմ է խանգարում, նա շատ հետաքրքիր ճարտարապետական լուծում ունի, թող մնա: Ինչ ասեմ, սա իշխանությունների, քաղաքապետարանի որոշումն է, ես ոչինչ չեմ կարող ասել»,- հավելեց քանդակագործը:

Նշենք, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օրերս edraft.am կայքում քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը։

Ինչպես նշված է հիմնավորման մեջ ՝ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջեւ 2001թ-ի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր Պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը: Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, բարելավել անվտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Նշենք նաեւ, որ այս նոր պլանով նախատեսվում է նստեցման հատվածի ընդլայնում, վազքուղու վերանորոգում, կառամատույցի վերանորոգում, պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ, վառելիքալցավորման կայանի արդիականացում, տեխնիկական սարքավորումների զննում եւ մի շարք այլ նմանատիպ փոփոխություններ։