Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 6-ին, «Սասնա ծռեր» 2 խմբի գործով նիստը հետաձգվեց: Խմբի 3 անդամների համար դատարան շտապօգնություն էր հրավիրվել, բուժօգնություն ստանալուց հետո Արամ Հակոբյանի վիճակը շարունակում էր մնալ վատ, նրան նիստերի դահլիճ չէին բերել: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը հայտարարեց, որ Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատ է, իսկ շտապօգնության բժիշկը նշել է, որ նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ շտապ հետազոտության ենթարկել:
Քանի որ Արամ Հակոբյանը նիստին չէր կարող մասնակցել, դատարանը նիստը հետաձգեց:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:




























