«Ժառանգությունում» տեղի ունեցածի պատճառն այն է, որ այդ կուսակցությանը ճնշել են թե իշխանությունը, թե արմատական ընդդիմությունը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «Ժառանգությանը» անընդհատ ճնշել են: «Մի կողմից Հայ ազգային կոնգրեսը, մյուս կողմից՝ իշխանությունները: Երկուսին էլ հավասարապես ձեռնտու էր „Ժառանգությունում“ կատարվածը: Մեկը հարվածում էր, մյուսը՝ չարախնդում, եւ ընդհակառակը»,- նշել է Հովհաննիսյանը եւ հավելել, թե նույն ճնշումն էլ եղել է ՀՅԴ-ի վրա, բայց քանի որ «իրենք հին են ու փորձված, դիմանում են ճնշումներին»:

Հիշեցնենք, որ օրերս «Ժառանգության» վարչությունը կուսակցությունից վտարել էր ԿԸՀ-ում ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանին եւ վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանին, նրանց մեղադրելով «ՀԱԿ գործակալ լինելու մեջ»: Կուսակցությունից վտարվածներն էլ պնդում են, որ ԱԺ պատգամավորներն ու նոր վարչությունը «ծախվել են իշխանությանը»: