Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) աշխատակիցը մի թուրք գործարարից պահանջել է գումար, որպեսզի նրա անունը ջնջել տա այն անձանց ցուցակից, որոնք առաջնային պետք է սպանվեն PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) կողմից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։ Թուրքիայի ազգային հետախուզության աշխատակիցը գործարարին ասել է, որ նրա օդաչու եղբայրը PKK-ին մեծ վնաս է հասցրել, եւ նրա անունը հայտնվել է PKK-ի սեւ ցուցակում։ Իսկ այդ ցուցակում երրորդը թուրք գործարարի անունն է։ Հետախուզության աշխատակիցը թուրք գործարարի անունը PKK-ի սեւ ցուցակից ջնջել տալու համար գործարարից պահանջել է փուլերով վճարել 250 հազար ԱՄՆ դոլար։ Սակայն գործարարը դիմել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 10 հազար ԱՄՆ դոլար գումար վերցնելիս ձերբակալվել է Թուրքիայի ազգային հետախուզության աշխատակիցը։ Նրան սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում։