Միջազգային հեղինակավոր «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներն ավարտել են այն մեղադրանքների հետաքննությունը, թե ադրբեջանական պաշտոնատար անձինք կազմակերպել են իրենց երկրի այն քաղաքացիների հետապնդումը, որոնք քվեարկել են Հայաստանի ներկայացուցիչների օգտին Մոսկվայում տեղի ունեցած վերջին մրցույթի ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, մոտ ապագայում որոշում կկայացվի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Մրցույթի գործադիր տնօրեն Սվանտե Ստոկսելիուսը հայտարարել է, որ 8 մարդուց բաղկացած աշխատանքային խումբը հավաքվել է Օսլոյում, որպեսզի վերջնական որոշում կայացնի այդ գործով։ Որոշումը կուղարկվի Եվրոպական հեռարձակողների միություն, որն էլ կհայտնի Ադրբեջանի վերաբերյալ իր որոշումը մոտ օրերս։ Ստոկսելիուսը հայտարարել է, որ Ադրբեջանի վրայից կարող են հանվել բոլոր մեղադրանքները, կամ էլ երկիրը կարող է մեղադրվել «Եվրատեսիլ» մրցույթի կանոնները խախտելու մեջ, եւ նրա վրա կարող է տուգանք դրվել կամ էլ մրցույթին մասնակցելու արգելք սահմանվել մինչեւ 3 տարի ժամկետով։
Աշխատանքային խումբը բաղկացած է Ռուսաստանի, Սերբիայի ու Նորվեգիայի ներկայացուցիչներից՝ «Եվրատեսիլ» մրցույթի վերջին երեք հաղթողներից, ինչպես նաեւ Իսպանիայի, Հոլանդիայի, Իռլանդիայի ու Շվեդիայի երկու ներկայացուցիչներից։
Հիշեցնենք, որ 25-ամյա Ռովշան Նասիրլին օգոստոսի 12-ին կանչվել է Ադրբեջանի պետական անվտանգության նախարարություն, որտեղ նրանից բացատրություններ են պահանջել , թե ինչու է նա Մոսկվայում այս տարվա մայիսին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2009»-ի ժամանակ քվեարկել մրցույթի հայ մասնակիցների՝ Արշակյան քույրերի օգտին։ Նասիրլիին ասել են, որ Հայաստանի՝ Ադրբեջանի թշնամու, օգտին տրված նրա ձայնը, դա մի գործ է, որը կապված է ազգային անվտանգության հետ եւ խնդրել են բացատրություններ տալ այդ կապակցությամբ։ Նասիրլին հայտնել է, որ Ադրբեջանի ԱԱՆ-ում պատրաստված է եղել տասնյակ այլ իր համաքաղաքացիների անուններից բաղկացած մի ցուցակ, որոնք նախընտրել են Արշակյան քույրերի ելույթը։




























