ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը հայտարարել է, թե համաներումը որեւէ քաղաքական ուժ չպետք է շահարկի, իրեն վերագրի, ներկայացնի որպես իր հաղթանակ: «Համաներումն անհրաժեշտ քայլ էր եւ վաղուց էր հասունացել»,- ասել է Կարապետյանը եւ հավելել, թե սխալ է այն կարծիքը, թե համաներում հայտարարելով իշխանությունները ցույց տվեցին իրենց թուլությունը:

Ըստ Կարապետյանի, պետք է մտածել, որ համաներմամբ մարդիկ հայտնվում են ազատության մեջ, այն նպաստում է ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, երկրում առկա քաղաքական լարվածության մեղմացմանը: «Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնաց նման քայլի, ինչը կնպաստեր մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը»,- նշեց ՀՅԴ-ականը՝ մոռանալով, որ Տեր-Պետրոսյանի օրոք երկու անգամ համաներում է եղել: Կարապետյանն ասուլիսում հանդես է եկել որպես իսկական իշխանամետ եւ գովաբանել է իշխաբնության կատարած գրեթե բոլոր քայլերը, թեեւ հայտարարել է, թե դաշնակցությունը կառուցողական ընդդիմություն է: