Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Դմիտրի Մեդվեդեւին ուղղված շնորհավորական հեռագրում Սերժ Սարգսյանը գրել է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքային հաջողություններ, Ձեր բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների շուտափույթ իրականացում եւ, իհարկե, հնարավորինս շատ հավատարիմ ու նվիրված բարեկամներ:

Ուրախ եմ, որ մեր միջեւ ձեւավորված վստահարժան երկխոսությունը, անձնական ընկերական հարաբերությունները նպաստում են հայ-ռուսական փոխգործակցության ներկապնակի բոլոր հարցերի հաջող կարգավորմանը, միջազգային անվտանգության խնդիրների շուրջ համաձայնեցված դիրքորոշումների մշակմանը, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ եւ հետեւողական զարգացմանը:

Անկեղծորեն հավատացած եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային գործընկերությունը եղել եւ մնում է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության կարեւոր գրավական:

Թույլ տվեք խորին երախտագիտություն հայտնել մեր երկրների միջեւ համագործակցության բազմակողմ զարգացման եւ ամրապնդման գործում Ձեր մեծ եւ անգնահատելի ներդրման համար»: