Կատարի Էմիրը կոչ է արել նոր ջանքեր գործադրել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային անվտանգության համար, հաղորդում է AP-ն:

Անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալով՝ Կատարի էմիր, շեյխ Թամիմ իբն Համադ Ալ Թանին ասել է, որ արաբական երկրների կողմից Կատարին հայտարարված բոյկոտը անօգուտ էր եւ երկրին միայն ուժեղացրեց:

Նրա խոսքով՝ նման «արկածային քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը»: «Ժամանակն է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ներառյալ մեզ, մոռանալ անցյալը եւ պայմանավորվել անվտանգության եւ կառավարման կանոնների հիմնական սկզբունքների մասին»:

Նրա խոսքով՝ տարածաշրջանային բոլոր երկրները «պետք է համաձայնեցնեն գոյակցության հիմնական մակարդակը՝ ամրացված պարտադիր արբիտրաժային մեխանիզմով»:

Անցյալ տարվա հունիսին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն խզել էին Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ մեղադրելով նրան ահաբեկիչներին աջակցելու մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները: