Հայ հեղափոխական դաշնակցությունը սեպտեմբերի 15-ին հացադուլ է սկսում Հայաստանի արտգործնախարարության եւ կառավարության վարչական շենքերի առջեւ, սակայն Գերագույն մարմնում դեռ չգիտեն, թե ովքեր են մասնակցելու հացադուլին:

ՀՅԴ Գերագույն մարմնի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ անվանացուցակը դեռ ճշտված չէ: Լրատվական բաժնի աշխատակից Արեգ Սավգուլյանը NEWS.am զրույցում չբացառեց, որ ԱԺ դաշնակցական պատգամավորները նույնպես կմասնակցեն հացադուլին եւ նստացույցին:

ՀՅԴ-ից նաեւ հայտնեցին, որ միջոցառումները տեւելու են մեկ ամիս եւ ներառելու են հացադուլ, նստացույց, ցուցահանդես եւ այլ միջոցառումներ: Դաշնակցականները չբացառեցին նաեւ, որ հացադուլին մասնակցեն նաեւ ոչ դաշնակցականներ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն բողոքում է օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ, որոնք, ըստ դաշնակցականների՝ իրենց մեջ լրջագույն վտանգներ եւ նախապայմաններ են պարունակում: