«Ես կարծում եմ, որ քննարկում պետք է անցկացվի այն ֆորմատով, որը կիրառեց Սերժ Սարգսյանը` հրավիրելով կուսակցությունների ղեկավարներին, եւ որպեսզի ժամանակային առումով սահմանափակում չլինի մասնակիցների համար»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը, հավելելով, որ դրան զուգահեռ պետք է նաեւ կլոր սեղանի կազմակերպում, որտեղ նաեւ նախագահն ու ԱԳ նախարարը կմասնակցեն: «Խորհրդարան ներկայացնել այդ վերամշակում պահանջող փաստաթղթերը վաղաժամկետ եմ համարում, որովհետեւ այնտեղ առկա ձեւակերպումները ոչ միայն վիճելի են, այլ նաեւ որոշ առումով անընդունելի»,- ասաց նա ու նշեց, որ իրենց կուսակցության կարծիքով Թուրքիայի հետ հարաբերություններում չպետք է ընդգծվի սահմանների վերահաստատման փաստը: «ԱԳՆ-ն պետք է համապատասխան ձեւակերպումներ գտնի, որ սահմանների վերահաստատումը չարձանագրվի որպես դոմինանտ»,- ասաց նա:

Հաջորդը, որի վրա կենտրոնացավ Ա. Սարգսյանն, այն է, որ «պետք է բացառել որեւէ քննարկում ցեղասպանության վերաբերյալ. լինի դա պատմաբանների մակարդակով, լինի միջպետական կառավարման հանձնաժողովի միջոցով, քանի որ դրանից խնդիր էությունը չի փոխվում»:

Հարցին, թե եթե կուսակցապետերի մակարդակով այդ քննարկման ժամանակ մեծ մասը դեմ արտահայտվեն հայտնի արձանագրությունների ստորագրմանը, ի՞նչ պետք է անի Սերժ Սարգսյանը, ՀԴԿ ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ, որ արձանագրությունները դեռ չեն ստացել այն վերջնական տեսքը եւ, ընդհանրապես, միջազգային պրակտիկայում չկա այդպիսի բան, որ մշակվեն արձանագրություններ, որոնք արդեն ենթակա չլինեն փոփոխության: Այս տեքստում զարմացնում է հենց այդ հրամայական տոնը: Կարծում եմ, այս պարագայում պետք է մենք իրավունք ունենանք փոփոխման, ենթարկել այդ փաստաթղթերը»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի, եթե իրենց առաջարկությունները չընդունվեն, Ա. Սարգսյանն ասաց. «Դա նշանակում է, որ քաղաքական ուժերն իրավասու են դիմել ժողովրդին եւ նրա օգնությամբ հասնել իրենց նպատակներին: Իշխանությունները պետք է հաշվի առնեն սա: Այնպես որ երկրի նախագահն ինքը հնարավորություններ ունի, որպեսզի իր միջամտությամբ այդ փոփոխությունները կատարվեն: Եթե նա կանի այդպիսի քայլեր, ապա մենք կարող ենք ավելի օգտակար լինել»: