Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ, այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան:
Հանրապետության Նախագահը կրթության եւ գիտության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի եւ համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական եւ հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում:
Կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը:
Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների եւ համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:
Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը` հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ստանձնել է նաեւ ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման եւ աջակցության գործը:
Կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել Հանրապետության Նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության եւ պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։































