ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է ՀՀՇ Գյումրիի կառույցի ներկայացուցիչ, նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը` ապացույցների անբավարարության պատճառով:
Նշենք, որ նա մեղադրվում էր նախագահի ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար: Նա մեկ տարուց ավելի գտնվել է ընդհատակում, ապա կամավոր հանձնվել իրավապահներին:
ՀՔԾ-ն գործի նախաքննությունն ավարտելուց հետո այն ուղարկել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, սակայն դատախազությունում ապացույցների անբավարարության պատճառով այդ եզրակացությունը չի հաստատվել եւ գործը կարճվել է:
Հիշեցնենք, որ այս գործով դատապարտվել են նաեւ նախկին քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանն ու Շոթա Սաղաթելյանը:



















