Փետրվարի 26-ին Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) կուսակցության համագումարի պատվիրակների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ կոալիցիոն համաձայնագիր կնքելու օգտին: Համագումարին ներկա գտնվող ՔԴՄ 975 անդամները սոցիալ-դեմոկրատների հետ կառավարության ձեւավորման մասին համաձայնագրի ստորագրմանը հավանություն են տվել, դեմ է եղել ընդամենը 27 մարդ, հաղորդում է DW-ն:
Ավելի վաղ ՔԴՄ առաջնորդ Անգելա Մերկելը (ՔԴՄ) կոչ էր արել իր կուսակիցներին հաստատել ՔԴՄ/ՔՍՄ բլոկի եւ ԳՍԴԿ կառավարական կոալիցիան: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ նոր կառավարության ձեւավորումը կուսակցության պարտականությունն է ընտրողների առաջ: Այժմ, Գերմանիայում նոր կառավարություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որ կոալիցիոն համաձայնագիրը հավանության արժանանա ԳՍԴԿ շարքային անդամների կողմից: Սոցիալ-դեմոկրատների գրավոր «հանրաքվեի» արդյունքները հայտնի կդառնան մարտի 4-ին:




























