Պեկինն առաջիկայում Փհենյանի եւ Վաշինգթոնի միջեւ ուղիղ երկխոսության հույս ունի: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, հաղորդում է «Սինխուա» -ն:
Նրա խոսքով՝ վերջերս Կորեայի թերակղզում իրավիճակի որոշակի մեղմացում է արձանագրվել: Սա համապատասխանում է տարածաշրջանի երկրների եւ միջազգային հանրության ընդհանուր մտադրություններին եւ կնպաստի նաեւ բանակցությունների միջոցով շահագրգիռ կողմերին թերակղզում միջուկային հարցի կարգավորման շուրջ վերադարձին:
Չինաստանը հույս ունի, որ թերակղզու Հյուսիսի եւ Հարավի միջեւ երկխոսությունը հետագայում կընդլայնվի մինչեւ ԿԺԴՀ եւ Միացյալ Նահանգների միջեւ ուղիղ երկխոսության, ասել է Լու Կանը՝ հավելելով, թերակղզու միջուկային խնդրի էությունը անվտանգության հարց է, եւ այս խնդրի լուծման բանալին գտնվում է ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ձեռքում:
«Փհենյանի եւ Վաշինգթոնի միջեւ երկխոսությունը ոչ միայն Չինաստանի ցանկությունն է, այլեւ ողջ միջազգային հանրության: Մենք հույս ունենք, որ այդ երկխոսությունը տեղի կունենա որքան հնարավոր է արագ, եւ ԱՄՆ-ն եւ ԿԺԴՀ-ն համատեղ ջանքեր կգործադրեն արդյունավետ երկխոսության անցկացմանը՝ դրական արդյունքների հասնելու համար», - ասել է նա:




























