Եվրոպական Հանձնաժողովի կողմից Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու մասին ներկայացված պայմանագրի նախագիծը վտանգում է երկրի ամբողջականությունը, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է DW-ն:
Ըստ նրա՝ կիրառման դեպքում հրապարակված տեքստը կարող է վտանգել Միացյալ Թագավորության ներքին շուկան եւ ամբողջականությունը, քանի որ այն Իռլանդական ծովում մաքսային եւ իրավական սահման է ստեղծում: Նա նշել է, որ ոչ մի բրիտանացի վարչապետ չի համաձայնի դրան:
Փետրվարի 28-ին Բրյուսելում բրեքսիտի վերաբերյալ բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն ներկայացրեց Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի առաջին նախագիծը: Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի սահմանին վերաբերող ամենավիճահարույց հարցերից մեկի վերաբերյալ նախագիծը երեք լուծում է առաջարկում:
Դրանցից մեկը հարցի լուծումը նախատեսում է ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների մասին համաձայնագրի մեջ: Դա նշանակում է, որ 2019 թվականի մարտին՝ ԵՄ-ից դուրս գալու ժամանակ, հարցը բաց կմնա: Երկրորդ առաջարկը Լոնդոնին հնարավորություն է տալիս մշակել «յուրահատուկ լուծումներ»: Երրորդ տարբերակը նախատեսում է, որ Հյուսիսային Իռլանդիան ԵՄ անդամ Իռլանդիայի հետ կմնա նույն իրավական դաշտում: Այսպիսով, Հյուսիսային Իռլանդիայում կատարծվեն ԵՄ իրավական նորմերը, որոնք կարգավորում են ներեվրոպական շուկան եւ մաքսային ոլորտը:




























