Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալ մոտակա տասնամյակներում չի կանխատեսվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նա նշեց, որ այստեղ ոչ միայն դատական համակարգի խնդիրն է, այլեւ հայ հասարակության, որը պատրաստ չէ անկախ դատական համակարգ ունենալուն:
«Այստեղ արդեն իշխանություններն էլ կապ չունեն, այստեղ հսկայական եւ որոշիչ դերը պատկանում է հանրության իրավագիտակցությանը: Գործերի 90 տոկոսի դեպքում մարդիկ մեղավոր են եւ պատժից խուսափելու նպատակ ունեն: Եկեք ընդունենք, որ եթե մեր ծանոթներից մեկը խնդիր է ունենում, գտնում է ծանոթ դատախազ, քննիչ, դատավոր, որպեսզի հեշտ լինի այդ ամեն ինչը: Մենք սովորել ենք կիսաանկախ, կոռումպացված համակարգին, մեզ ձեռնտու է դա եւ չգիտենք՝ ինչ է նշանակում անկախ դատական համակարգ: Ինչպե՞ս կարող է համակարգ ծնվել մի հանրությունում, որը դրան պատրաստ չէ: Առավելագույնը, ինչ կարող ենք ունենալ, ինքնուրույն դատավորներն են, մարդիկ, որոնց չի կարելի ստիպել, որ անեն ցանկացած ստորություն, եթե դա ունենանք, հսկայական առաջընթաց կլինի»,- ասաց փաստաբանը:



























