ԱՄՆ-ում, 57 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի կինոդերասան, Հոլիվուդի աստղ Պատրիկ Սուեյզին: Նա շուրջ 2 տարի տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, սակայն, այդուհանդերձ, շարունակում էր աշխատել: Սուեյզին այս տարի նկարահանվել է «Գազանը» հեռուստասերիալում: Իր հարցազրույցներից մեկում նա հայտնել էր, որ նկարահանումների ժամանակ երբեմն ցավազրկող չի ընդունել, որպեսզի իր դերակատարին դարձնի «ավելի արտահայտիչ ու բնական»:
Պատրիկին հատկապես մեծ հեղինակություն բերեցին «Ուրվականը» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատարումը, ուր նրա խաղընկերուհին էր Դեմի Մուրը: Նա իր դերասանական ճանապարհը սկսեց որպես Բրոդվեյի պարող, եւ հասավ մինչեւ Հոլիվուդ: Սուեյզիի մասնակցությամբ հայտնի ֆիլմեր են նաեւ «Կեղտոտ պարերը», «Տունը ճանապարհի վրա», «Ալիքի կատարին», որտեղ նա խաղում է Քիանու Ռիվզի հետ:




























