Չինաստանը լուրջ դիմումներ է ներկայացրել ԱՄՆ-ին Թայվանի օրինագծի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հաղորդում է «Սինխուան»:

ԱՄՆ Սենատը ընդունել է «Taiwan Travel Act», որը նախատեսում է ԱՄՆ-ի եւ Թայվանի միջեւ բարձր մակարդակի այցելությունների փոխանակում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը այս տարվա հունվարին նույնպես ընդունել է այն:

Չնայած ակտի համապատասխան դրույթները պարտադիր իրավաբանական ուժ չունեն, բայց դա լրջորեն խախտում է մեկ Չինաստանի սկզբունքը եւ երեք չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեները, նշել է դիվանագետը: «Այս կապակցությամբ Չինաստանը լուրջ դժգոհություն է արտահայտել ու վճռական բողոք ներկայացրել», - ասել է Հուա Չունինը` մեկ Չինաստանի սկզբունքը Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմք անվանելով:

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին խստորեն հետեւել մեկ Չինաստանի  քաղաքականությանը եւ երեք չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեներին, դադարեցնել պաշտոնական շփումները Թայվանի հետ, ուշադրությամբ եւ պատշաճ կերպով լուծել Թայվանի հետ կապված հարցերը` չին- ամերիկյան հարաբերություններին լուրջ վնաս չհասցնելու համար», ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը