Երեկ` հունվարի 7-ին, ժամը 15:45-ի սահմաններում Սյունիքի մարզի Ագարակի հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժին տեղեկացրել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Ագարակ քաղաքի Աբովյան 1ա տան բնակիչ, 39-ամյա Սոս Սուրենի Խաչատրյանը:
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ձախ հարակնային փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածքով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին Ս.Խաչատրյանը հայտնել է, որ ինքը վնասվածքը ստացել է Ագարակ քաղաքի հրապարակում` թիկունքի կողմից` ավտոմեքենայից ստացած հարվածից, ինչ հետո վայր է ընկել, կորցրել գիտակցությունը եւ չի նկատել, թե ինչ մակնիշի եւ համարանիշի մեքենա է իրեն հարվածել:
Մեղրիի ոստիկանությունը պարզել է, որ ժամը 15-ի սահմաններում Ագարակի հրապարակում տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են Ագարակ քաղաքի բնակիչներ, 35-ամյա Մհեր Սեյրանի Զաքարյանը, 34-ամյա Արկադիա Արմոյի Աղայանը, 37-ամյա Բաբկեն Լավրենտի Գասպարյանը, 32-ամյա Արմեն Լավրենտի Գասպարյանը, 35-ամյա Հայկ Մելսի Հայրապետյանը, 38-ամյա Հայկ Ռուբիկի Համբարձումյանը, 35-ամյա Սոսիկ Ֆիրդուսի Սարգսյանը: Պարզվել է, որ Սոս Սուրենի խաչատրյանին ավտոմքենայով հարվածել է Ռուսաստանի Լենինգրադի մարզի Պրոզերսկ քաղաքի բնակիչ, 40-ամյա Արսեն Վանիկի Հովհաննիսյանը` իր կնոջը պատկանող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 83 ԼՈ 888 համարանիշի ավտոմեքենայով:
Մհեր Զաքարյանը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հարազատ եղբայրն է: Ըստ շրջանառվող լուրերի, նախքան դեպքը վերոնշյալ անձինք ծեծի են ենթարկել Արսեն Հովհաննիսյանին, նա էլ մեքենայով վրաերթի է ենթարկել իրեն ծեծողներից մեկին:
Առայժմ կալանավորվածներ չկան: Ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում եւ այդ գործը իր հսկողության տակ է վերցրել Ագարակի ոստիկանապետ Արմեն Առաքելյանը:





























