Ռուսաստանում սննդային թափոնները կարելի է և պետք է վերադարձնել առևտրային շրջանառություն․ դա կարելի է անել՝ դրանք վերամշակելով կենդանիների կերի, ինչպես նաև դրանցից արժեքավոր բաղադրիչներ, օրինակ՝ պեկտիններ, ստանալու միջոցով, РИА Новости-ին հայտնել է կենսաբանական գիտությունների դոկտոր Դենիս Կուզմինը։

Փորձագետը հիշեցրել է, որ աշխարհում սննդամթերքի մոտ 20%-ը հայտնվում է աղբանոցում։ Մասնավորապես, Ռուսաստանում ամեն տարի գոյանում է 18 միլիոն տոննա սննդային թափոն, ինչը կազմում է բոլոր կոմունալ թափոնների մեկ քառորդը․ դա 1,6 տրիլիոն ռուբլու կորուստ է։

«Առաջինը, ինչ կարելի է անել այս հարցում, կա՛մ նետվող մթերքի քանակը նվազեցնելն է, կա՛մ թափոնները տնտեսական շրջանառություն վերադարձնելը։ Պետք է կատարելագործել պահանջարկի կանխատեսման համակարգը և զարգացնել օրգանական թափոնների վերամշակման տեխնոլոգիաները»,- նշել է գիտնականը։

Որպես օրինակ՝ Կուզմինը նշել է արհեստական բանականության հիման վրա համակարգեր մշակող խոշոր ռիթեյլերներին, որոնք թույլ են տալիս ավելի ճշգրիտ հաշվարկել անհրաժեշտ մթերքի քանակը, լոգիստիկան և այլ ներքին գործընթացներ։

Թափոնների դեմ պայքարի երկրորդ միջոցը ֆուդշերինգն է՝ սննդամթերքի անհատույց բաշխման պրակտիկան այն մարդկանց շրջանում, ովքեր դրա կարիքն ունեն, երբ այդ մթերքները տարբեր պատճառներով կարող են հայտնվել աղբանոցում։

Կուզմինը առաջարկել է նաև թափոններն օգտագործել կենդանիների կերերի արտադրության համար։ «ԵՄ-ում կենդանիների կերի 3,5 միլիոն տոննան արտադրվում է հենց այդ սննդային թափոններից։ Ցավոք, մեզ մոտ դա այդքան լավ չի աշխատում»,- պարզաբանել է նա։

Բացի դրանից, փորձագետը խոսել է տեխնոլոգիաների մասին, որոնք հնարացորություն են տալիս թափոններից օգտակար բաղադրիչներ ստանալ։