Եվրամիության խորհուրդը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության (COP31) և կենսաբազմազանության (COP17) գագաթնաժողովների նախօրեին հաստատել է ԵՄ-ի հիմնական բանակցային դիրքորոշումները ներկայացնող եզրակացությունների երկու փաթեթ։
ԵՄ-ն բազմակողմ համագործակցության վրա հիմնված արագ, գիտականորեն հիմնավորված գործողությունների կոչ կանի, որպեսզի սահմանափակվի գլոբալ տաքացումը և դադարեցվի կենսաբազմազանության կորուստը։
ԵՄ-ն կհաստատի Փարիզյան համաձայնագրի և կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի արագացված իրականացման հրատապ անհրաժեշտությունը։ Կողմերի երկու համաժողովներում էլ ԵՄ-ն իր ուշադրությունը կկենտրոնացնի ստանձնած պարտավորությունները կոնկրետ գործողությունների վերածելու և ՄԱԿ-ի շրջանակում համագործակցությանը նպաստելու վրա։
«Մի ժամանակաշրջանում, երբ բազմակողմ համագործակցությունն ու բնության պահպանությունը ենթարկվում են փորձության, ԵՄ-ն շարունակում է անսասան կերպով հանձնառու մնալ COP17-ում կենսաբազմազանության ոլորտում դրական արդյունքների հասնելուն։ Չի կարելի նվազեցնել կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրով համաձայնեցված հավակնությունները։ Մենք կոչ կանենք արագացնել գլոբալ գործողությունները և վերսկսել ջանքերը՝ այդ ուղղությունները տնտեսության և հասարակության մեջ ինտեգրելու համար»,- նշել է Իռլանդիայի բնակարանաշինության, տեղական ինքնակառավարման և ժառանգության նախարարությունում բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերի համար պատասխանատու պետական նախարարը՝ Քրիստոֆեր Օ'Սալիվանը։
2022 թվականին COP15-ում համաձայնեցվել է կենսաբազմազանության նոր գլոբալ շրջանակային ծրագիր, որը սահմանում է կենսաբազմազանության կորստի դադարեցման նպատակներ, ներառյալ՝ մինչև 2030 թվականը ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ը պաշտպանելու պարտավորությունը։
COP17-ի բանակցությունների ընթացքում ԵՄ-ն կընդգծի այդ նպատակներին հասնելու համար արագացված գործողությունների անհրաժեշտությունը՝ կենսաբազմազանության հարցերը ներառելով բոլոր քաղաքական որոշումների և ոլորտների մեջ՝ հուսալի գիտական տվյալների հիման վրա։ ԵՄ-ն միաժամանակ կոչ կանի մեծացնել պետական և մասնավոր ֆինանսավորումը, մասնավորապես՝ ուսումնասիրելով նորարարական մոտեցումներ, մասնավորապես՝ բարձր վստահելիության վրա հիմնված կենսաբազմազանության պահպանության վարկերը։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովը անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Այս տարի Կողմերի համաժողովը (COP17) տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։
ԵՄ-ն և նրա անդամ պետությունները համաժողովների մասնակիցներ են։ Այդ միջազգային համաժողովներում ԵՄ-ն ներկայացնում են Խորհրդում ռոտացիոն նախագահությունը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովը։





























