Հունիսին Ալգոյյան Ալպերում գտնվող Հոխֆոգել լեռից մոտ 2000 խորանարդ մետր լեռնային ապար է փլուզվել։ Այժմ հետազոտողները նախազգուշացնում են ևս մեկ խոշոր փլուզման հավանականության մասին, որի հետևանքով լանջով կարող է մինչև 400 հազար խորանարդ մետր ապար իջնել, հայտնում է Euronews-ը։

Կա հենց գագաթի փլուզման վտանգ. դեռևս XIX դարում առաջացած ճեղքը մշտապես լայնանում է։ Ըստ առկա տվյալների՝ երբևէ դրա լայնությունը համադրելի էր մարդու ուսերի լայնության հետ, իսկ այժմ այն հասնում է մի քանի մետրի։

Գիտնականներն արդեն տասներկու տարի հետևում են այդ վտանգավոր հատվածին. սկզբում ուսումնասիրություններն իրականացվում էին դաշտային ելքերի ընթացքում, իսկ 2018 թվականից՝ ստացիոնար սենսորների և չափիչ սարքավորումների օգնությամբ։ Բացի դրանից, այս տարածքում աշխատանքի համար լազերային սկաներով հագեցած անօդաչու սարք է օգտագործվում։

Գարնանը չափիչ սարքերը տեղաշարժի արագություն են գրանցել՝ շաբաթական մինչև հինգ միլիմետր։ Երկրաբանական տեսանկյունից դա չափազանց բարձր տեմպ է. սովորաբար Ալպերը տեղաշարժվում են միջինում տարեկան մոտ 1,8 միլիմետր։ Վաղ նախազգուշացման համակարգի ցուցումները հետազոտողներին դրդել են ահազանգ հնչեցնել։

Հոխֆոգել լեռը Գերմանիայի և Ավստրիայի Տիրոլ տարածաշրջանի սահմանին է։ Այն մտնում է Ալգաուի Բարձր Ալպերի կազմի մեջ և հասնում է 2 592 մետր բարձրության։

Ավստրիայի կողմից դեպի գագաթ մուտքը լեռնագնացների համար արդեն որոշ ժամանակ փակ է, սակայն Գերմանիայի կողմից վերելքը դեռևս բաց է։

Ներկայում Հոխֆոգել լեռան (Hochvogel) վրա տեղադրված է ավելի քան 30 սենսոր, որոնք միլիմետրային ճշգրտությամբ հետևում են գագաթի վիճակին և գրանցում ցանկացած տեղաշարժ։