Sceye ընկերությունը հաջողությամբ ավարտել է ապագայի կապի համակարգի նախատիպի փորձնական թռիչքը՝ դառնալով միջանկյալ օղակ ստացիոնար աշտարակների և արբանյակների միջև։ Դա դիրիժաբլի հիման վրա ստեղծված թռչող համակարգ է, որը կապ ապահովելու գործառույթներ է կատարում և լայնաշերտ ինտերնետ է տարածում։ Բացի նրանիվ, որ այն շարժական է, նման համակարգը միաժամանակ մոտավորապես 500 անգամ ավելի մեծ ծածկույթ է ապահովում, քան ցամաքային աշտարակը, ինչը իդեալական տարբերակ է այն տարածքների համար, որտեղ գետնի վրա ինչ‑որ բան կառուցելը խնդրահարույց է կամ ոչ շահավետ, հաղորդում է Техкульт-ը։

Ներկայում թռչող ռետրանսլյատորների վրա աշխատում են միանգամից մի քանի ընկերություններ, սակայն նրանք բոլորը նախապատվությունը տալիս են օդից ծանր թռչող սարքերին, քանի որ դրանք ավելի հեշտ է կառավարել։ Դիրիժաբլն այլ առավելություն ունի՝ այն ավելի էժան է, իսկ նրա բեռնատարողունակությունը զգալիորեն ավելի բարձր է, ուստի այստեղ կարելի է ավելի խոշոր անտենաներ և այլ օգտակար սարքավորումներ տեղադրել։ Ինքնավարությունը համեմատելը դժվար է, քանի որ ինքնաթիռներն օգտագործում են արևային վահանակներ և նույնպես կարող են երկար ժամանակ մնալ օդում։

Կարևոր նրբությունն այն է, որ Sceye-ի դիրիժաբլի վրա առաջին անգամ ոչ միայն կապի միջոցներ են տեղադրել, այլև սերվեր, ինչպես նաև զանգերի երթուղավորումն ու տվյալների փոխանցումը կառավարող միջուկը։ Փոխանակ տվյալները մշակման համար ուղարկելու ցամաքային սերվեր և պատասխան սպասելու, համակարգն ինքն է կատարում մի շարք հաշվարկներ։ Արդյունքում օգտատերերի համար արձագանքման ժամանակը նվազել է 40 %-ով՝ հասնելով 68 միլիվայրկյանի։ Ապագայում իրավիճակն էլ ավելի կբարելավվի, քանի որ թռչող կապի համակարգը կկարողանա ստանձնել գեոստացիոնար արբանյակների գործառույթների մի մասը, ընդ որում այն Երկրի վրա գտնվող օգտատիրոջից 1800 անգամ ավելի մոտ է լինելու, ինչը կնվազեցնի ազդանշանի անցման ժամանակը։

Դիրիժաբլի նախատիպն աշխատել է լիովին ինքնավար ռեժիմով և թռիչք է կատարել ԱՄՆ-ից դեպի Ճապոնիա, որտեղ տեղական առաջատար կապի օպերատոր SoftBank-ի աշխատակիցները բազմակողմանիորեն փորձարկել են այդ կապի համակարգի աշխատանքը։ Բացի դրանից, դիրիժաբլի հետ լազերային կապի համակարգ ստեղծելու ուղղությամբ փորձեր են իրականացվել, որպեսզի հարմար եղանակային պայմաններում ռադիոազդանշանների փոխարեն օգտագործվի լույսը։ Բոլոր ստուգումների արդյունքներն այնքան տպավորիչ են եղել, որ SoftBank-ը հայտարարել է արդեն 2027 թվականին թռչող կապի համակարգերի հիման վրա առևտրային ծառայության ստեղծման մասին։