Խոշոր շները հաճախ ապրում են ոչ ավելի, քան 10 տարի, մինչդեռ մանր ցեղատեսակների շները կարող են ապրել զգալիորեն ավելի երկար։ Մինչ այժմ գաղտնիք էր մնում, թե ինչու է այդպես։ Այժմ գիտնականները պարզել են, թե ինչու են մեծ շներն ավելի արագ ծերանում, քան փոքրերը։ Պատճառը կապված է հատուկ գեների հետ։ Հետազոտությունը հրապարակվել է Science հանդեսում։
Վաղուց հայտնի է, որ մանր ցեղատեսակների շները սովորաբար ավելի երկար են ապրում, քան խոշոր ցեղատեսակների շները։ Բայց դա հակասում է կենդանական աշխարհի ընդհանուր օրինաչափությանը, որտեղ ավելի խոշոր կենդանիները սովորաբար ավելի երկար են ապրում։ Այժմ գիտնականները պարզել են, որ պատճառը, թե ինչու է շների դեպքում ամեն ինչ այլ կերպ տեղի ունենում, թաքնված է շների ԴՆԹ-ում և LINE1 անունով «ցատկող» գեներում։
Այս գեները կարող են պատճենել իրենք իրենց և ներմուծվել շների գենետիկական համակարգի տարբեր հատվածներ։ Սովորաբար LINE1 գեների ակտիվությունը զսպում է այն գործընթացը, որը կարգավորում է գեների աշխատանքը, հաղորդում է Фокус-ը։ Այն կոչվում է ԴՆԹ-ի մեթիլացում։ Իսկ երբ մեթիլացումը նվազում է, գեների ակտիվությունն աճում է։ Դա հանգեցնում է ԴՆԹ-ի վնասման և ծերացման արագացման։
Գիտնականները պարզել են, որ խոշոր ցեղատեսակների շների դեպքում LINE1 գեների մեթիլացման մակարդակը 35%-ով ավելի է նվազում, քան փոքր ցեղատեսակների շներինը։
Գիտնականները նշում են, որ տարբեր չափերի և տարբեր ցեղատեսակների ավելի քան 800 շների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս կենդանիների մոտմարմնի չափի և կյանքի տևողության միջև հակադարձ կախվածություն կա։
Հետազոտությունը ենթադրում է, որ մեծ շների ավելի արագ ծերացումը կարող է պայմանավորված լինել «ցատկող» գեների նկատմամբ վերահսկողության թուլացմամբ։
Գիտնականները, ի զարմանս իրենց, հայտնաբերել են, որ խոշոր ցեղատեսակների էգ շների LINE1 գեների տեղաշարժման ակտիվությունը կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քան արուներինը։
Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ ճշգրիտ որոշելու համար՝ LINE1 գեների ակտիվությունը ծերացման պատճա՞ռ է, թե՞ հետևանք։
Այնուամենայնիվ, հետազոտողները ստացված արդյունքները շատ կարևոր են համարում, քանի որ դրանք կարող են օգնել մշակելու մեծ շների կյանքի երկարացման մեթոդներ։ Հետազոտության արդյունքները նաև ցույց են տալիս, որ բոլոր կաթնասունների ծերացման գործընթացում կարող են դեր խաղալ նույն գենետիկական տարրերը։ Սա նշանակում է, որ հնարավոր է մշակել մարդու կյանքի երկարացման մեթոդներ։


























