ԱՄՆ նախագահի գործողությունները վերջին 72 ժամվա ընթացքում նման են Ուկրաինային կապիտուլյացիայի ենթարկվելու հարկադրելու փորձի։ Այդ մասին ասվում է The Atlantic-ի հրապարակման մեջ։

«Վերջին 72 ժամվա ընթացքում Դոնալդ Թրամփը մի կողմ է դրել բոլոր պայմանականությունները, ջնջել ամերիկյան քաղաքականության տասնամյակները և արժեզրկել սեփական դիվանագիտական ջանքերի մեկուկես տարին։ Նա հանել է ռուսական դիզելային վառելիքի ներմուծման նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ դրանով խախտելով թե՛ օրենքների տառը, թե՛ ոգին, որոնք ինքն էլ ստորագրել էր։ Նա սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ, եթե վերջինս չհամաձայնի հարվածներ չհասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին, փաստացի պահանջելով Կիևից հրաժարվել իր ամենաարդյունավետ զենքից՝ դրա դիմաց Ռուսաստանից ոչինչ չպահանջելով։ Նա չի քննադատել ռուսական հարձակումները ուկրաինական էլեկտրակայանների և արդյունաբերական ձեռնարկությունների , նույնիսկ ձեռնարկությունների վրա, որոնք պատկանում են ամերիկյան ընկերություններին։ Նա ցավակցություն չի հայտնել ռուսական վերջին ռմբակոծությունների հետևանքով ուկրաինացի երեխաների զոհվելու կապակցությամբ։

Նա բազմիցս ստել է։ Նա հայտարարել է, թե Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են «էներգետիկ հրադադարի» շուրջ․ այս հաղորդագրությունը անակնկալ է եղել ուկրաինական կողմի համար, իսկ ռուսական կողմը, ամեն դեպքում, անմիջապես խախտել է պայմանավորվածությունը՝ ընդամենը մի քանի ժամ անց հարված հասցնելով Խարկովի էլեկտրակայանին։ Նա Ուկրաինային մեղադրել է բանակցությունների տապալման մեջ, թեև իրականում ուկրաինական կողմը բազմիցս առաջարկել է դադարեցնել կրակը, մինչդեռ Ռուսաստանը ոչ մի անգամ չի համաձայնել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ որևէ բովանդակային բանակցությունների»,- նշվում է պարբերականում։