«Շատ անհաջող, անհեթեթ առաջարկ է»։ Այսկերպ է արձագանքել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Երկիր ծիրանի» կուսակցության՝ Երեւանի Վազգեն Սարգսյանի փողոցը անվանափոխելու առաջարկին։
«Ինչպե՞ս կարելի է նման բան առաջարկել։ Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր կուսակցության առաջնորդն է, նա Ազգային հերոս է, Արցախյան հերոսամարտի սիմվոլներից մեկն է, մեր անկախ հայոց պետականության եւ հաղթանակած հայոց բանակի խորհրդանիշներից է։ Նա ազգային եւ վերկուսակցական գործիչ է, եւ առնվազն աբսուրդ է վերանվանել նրա անունով փողոցը»,- ասել է Շարմազանովը։
Նա վստահ է, որ ավագանու անդամների մեծ մասն իր կարծիքը կարտահայտեն անհեթեթ առաջարկի հետ կապված։
Նշենք, որ դեռեւս փետրվարի 1-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու եւ հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երեժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ»:




























