Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էրզրումում հանդիպել է իր հույն գործընկեր Յորղոս Պապանդրեուի հետ:

Բանակցություններից հետո երկու վարչապետները ելույթ են ունեցել Թուրքիայի դեսպանների երրորդ նիստի ժամանակ: Իր խոսքում Պապանդրեուն հայտարարել է, որ երկու երկրները պատմական հնարավորություն են ստացել լուծել իրենց միջեւ առկա խնդիրները, գրում է Anadolu-ն:

Էրդողանին անվանելով «թանկ ընկեր», հույն վարչապետն ասել է, որ իրենք երկուսով կարող են արմատապես փոխել թուրք-հունական հարաբերությունները: Էրդողանն իր հերթին, նշել է, որ Թուրքիան եւ Հունաստանը վերջին ժամանակներս մեծ առաջընթացի են հասել եւ ստորագրել են փոխըմբռնման 25 հուշագիր: Թուրքիան եւ Հունաստանը պետք է համապարփակ լուծում գտնեն Էգեյան ծովի խնդրին, որը բաժանում է երկու երկրներին:

Պապանդրեուն անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի երկայնքով ցանկապատ կառուցելու իր մտադրությանը, ասել է, որ նման ցանկության հիմնական պատճառը մարդկանց առեւտուրն է: Նա նշել է, որ Թուրքիան ու Հունաստանը սերտորեն համագործակցում են այդ հարցում:

«Սխալ կլինի այդ կառույցը համարել պատ: Դա ուղղակի ցանկապատ է: մենք այդ հարցի շուրջ բանակցություններ ենք վարել եւ մեր միջեւ կա լիարժեք վստահություն միմյանց նկատմամբ»,- ասել է Էրդողանը:

Միաժամանակ, Պապանդրեուն հայտարարել է, որ թուրքական ավիացիան այս շաբաթվա սկզբին անօրինականորեն խախտել է Հունաստանի օդային տարածքը: «Ի՞նչ է ուզում դրանով ապացուցել Թուրքիան»,- հարց է հնչեցրել Հունաստանի կառավարության ղեկավարը, հաղորդում է RBC-ն: