«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» պարբերականը հրապարակել է Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի նամակն ուղղված ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնին: 1997 թվականի հուլիսի 12-ի նամակում խոսքը գնացել է նաեւ Ղարաբաղի խնդրի մասին:
«Սիրելի Բիլ, ելնելով միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ անկեղծ կարծիքների փոխանակման պրակտիկայից, որը հաստատվել է մեր միջեւ, կցանկանայի որոշ պատկերացումներ ներկայացնել կապված Հարավային Կովկասի հետ: … Ես բավարարված եմ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մեր երկրների միջեւ հաստատված փոխգործակցությամբ: Այդ խնդիրը եղել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ բանակցությունների գլխավոր թեման, երբ նա վերջերս այցելել էր Մոսկվա: Խոսակցությունը նրա հետ, իհարկե, հեշտ չէր, բայց մեր միջեւ փոխըմբռնումը կայացավ, որի արդյունքում հաջողվեց համոզել նրան, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում անհրաժեշտ է ավելի ճկուն եւ կառուցողական մոտեցում: Ես ՌԴ ԱԳՆ-ին հրահանգել եմ առավել ինտենսիվացնել աշխատանքը հակամարտող կողմերի հետ:
Ես, սակայն, չեմ ցանկանում, որ իմ այս խոսքերն ընկալվեն որպես Ռուսաստանի կողմից ԼՂ խնդրի կարգավորման հարցում ավտոնոմ ուղղություն որդեգրելու ձգտում: Մենք, ինչպես պայմանավորվել ենք, հետագայում եւս գործելու ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի երեք համանախագահների ձեւաչափում եւ այդ ուղղությունից չենք նահանջելու:
Ավելին, իմ կարծիքով, անհրաժեշտ է զարգացնել այն ազդեցությունը, որը համակարտող կողմերի վրա թողեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Դենվերում արված հայտարարությունը, եւ ավելացնել քաղաքական պրեսինգը:
Կարեւոր է, որ հակամարտող կողմերը բառացիորեն իրենց ծոծրակներին զգան երեք գերտերությունների շնչառությունը, հասկանան, որ այլ ճանապարհ, քան մեր երկրների կողմից բանակցությունների սեղանին դրված ռացիոնալ եւ ոչ ստանդարտ առաջարկություններն են, որոնք կհանգեցնեն խաղաղության եւ համաձայնության, ուղղակի չկան: Մեր կողմից մենք պատրաստ ենք ակտիվացնել մեր համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ Հարավային Կովկասում եւ ողջ աշխարհում կայություն ու անվտանգություն ապահովելու համար»,- ասված է Ելցինի նամակում:





























