Բունդեսրատը հանդես է եկել հաքերների հարձակումների համար ավելի խիստ պատժամիջոցների մասին նախաձեռնությամբ: Գերմանիայի դաշնային հողերի ներկայացուցչությունը նախաձեռնել է համապատասխան օրինագիծ, հաղորդում է DW-ն` վկայակոչելով AFP-ին:
Համաձայն այս փաստաթղթի՝ առաջարկվում է ներմուծել «թվային տվյալների անձեռնմխելիության խախտում» հասկացությունը: Ուրիշների համակարգիչներին, սմարթֆոններին, վեբ-տեսախցիկներին եւ նավիգացիոն համակարգերի անօրինական մուտքը Բունդեսրատը առաջարկում է պատժել մինչեւ 10 տարի ազատազրկմամբ:
Հաքերային հարձակումների համար գործող տույժերը չեն համապատասխանում թվային աշխարհում գոյություն ունեցող հանցագործության մակարդակին, հայտարարել են Բունդեսրատում: Դաշնային հողերի ներկայացուցչությունը նաեւ նշել է, որ Գերմանիայում համացանցին միացված բոլոր տեղեկատվական համակարգերի մինչեւ 40 տոկոսը վարակված է վիրուսներով:
2016 թվականին սեպտեմբերին Բունդեսրատն արդեն նախաձեռնել էր նման օրինագիծ, սակայն նախորդ գումարման Բունդեսթագի պատգամավորները չէին հասցրել այն քննարկել:




























