ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ստեղծված մարտական լազերային համալիրը համեմատել է Գարինի հիպերբոլոիդի հետ, հաղորդում է Lenta-ն:

Խոսելով Կալինինգրադի ժողովրդական համաժողովի մեդիա ֆորումի ժամանակ նա նման զենքը ֆանտաստիկ է անվանել: «Բայց դա իրականում տեղի է ունեցել», - ավելացրել է Ռուսաստանի ղեկավարը:

ՌԴ-ում մարտական լազերային համալիրի ստեղծման մասին Պուտինը հայտարարել էր մարտի 1-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում:

Պուտինի ելույթի ընթացքում ցուցադրվել են կադրեր, որում ներկայացված է այդ զենքը: Համալիրը գտնվում է ավտոմոբիլային կցասայլի վրա: Այս համակարգը դեռ անվանում չունի:

Ալեքսեյ Տոլստոյի ֆանտաստիկ վեպից հիպերբոլոիդը իրենից ներկայացնում է մի սարքավորում, որը հսկայական հզորությամբ ջերմային ճառագայթ է արձակում, որը կարող է ոչնչացնել ցանկացած խոչընդոտ: Իրականում այս սարքը երբեք գոյություն չի ունեցել, իսկ  ստեղծագործությունում նկարագրված տեխնոլոգիան զգալիորեն տարբերվում է այն սկզբունքներից, որոնց վրա հիմնված է լազերի գործողությունը: