Մարտի 3-ին մեկնարկել են Պակիստանի խորհրդարանի վերին պալատի (Սենատ) ընտրությունները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Սենատորների ընտրության գործընթացը կանցկացվի նահանգներում եւ Ազգային ժողովում։

Սենատում 52 տեղի համար պայքարելու են 131 թեկնածուներ՝ չորս նահանգներից, Դաշնային կառավարման տոհմային տարածքից եւ երկրի մայրաքաղաքից։  Պակիստանի սենատն ընտրվում է 6 տարի ժամկետով։ Օրենսդրությամն նախատեսվում է, սակայն, որ Սենատի կեսը թարմացվում է երեք տարին մեկ։

Չորս նահանգներից յուրաքանչյուրն ունեն 23 տեղ, եւս ութ տեղ է հատկացվում Դաշնային կառավարության տոհմային տարածքներին, իսկ չորսն` Իսլամաբադին:

Նշենք, որ իշխող Մահմեդական Լիգա կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին, իսկ կուսակցության անդամները հանդես են գալիս որպես անկախ թեկնածուներ։ Դա կապված է երկրի Գերագույն դատարանի որոշման հետ։

Այսպես, փետրվարի 21-ին Պակիստանի Գերագույն դատարանը որոշել էր, որ կուսակցության առաջնորդ Նավազ Շարիֆը, որը հրաժարական էր տվել կապված կոռուպցիոն սկանդալի հետ,  չի կարող ղեկավարել կուսակցությունը։