Մենք այժմ մշակում ենք առողջապահության տեսլականը, ակնկալվում է, որ այն կբերի ավելի էֆեկտիվ կառավարում: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Գյումրի այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գյումրի է այցելել` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին եւ 2018 թ. անելիքներին:
Նշվել է, որ առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների դիմաց 2016-ին գանձվել է 618 մլն դրամ, նախորդ տարվա ընթացքում՝ 631 մլն: Արթուր Խաչատրյանը նշել է, որ նախատեսվում է 2018-ին առողջապահական մուտքերի աճն ավելացնել շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով այն 844 մլն դրամի: Խոսելով բժշկական կենտրոնների կուտակած պարտքերի մասին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է յուրաքանչյուրի հետ կապված ներկայացնել համապատասխան վերլուծություն: «Մենք այժմ մշակում ենք առողջապահության տեսլականը: Ակնկալվում է, որ այն կբերի ավելի էֆեկտիվ կառավարում, հաստատուն ծախսերը կկրճատվեն, ծառայությունների հասցեականությունը կբարձրանա», - նշել է վարչապետը՝ մարզպետարանի առողջապահության վարչության պետին հանձնարարելով ներկայացնել նաեւ իր առաջարկությունները:




























