Նախատեսվում է այս տարի Շիրակի մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրի այցելության ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գյումրի է այցելել` ծանոթանալու 2017 թ. Շիրակի մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին եւ 2018 թ. անելիքներին:

Զեկուցվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2017-ին արձանագրվել է 20 մլրդ դրամի համախառն արտադրանք, ինչն էապես քիչ է 2016-ի համեմատ: Դա, ըստ պատասխանատուների, պայմանավորված է եղել բնակլիմակայական պայմաններով եւ կարկտահարությամբ:

Մասնավորապես, 2016-ին արտադրվել է 157 հազար տոննա հացահատիկ, իսկ նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ընդամենը 70 հազար: Միաժամանակ, զեկուցվել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում մարզում հիմնել 22 հեկտար ինտենսիվ այգի, երեք սպանդանոց, այն պարագայում, երբ պահանջարկն ավելին է:

Նախատեսվում է նաեւ ակտիվ աշխատանքներ տանել պետական սուբսիդավորմամբ ծրագրերը խթանելու ուղղությամբ: Ոռոգվող վարելահողերի թիվը Շիրակի մարզում 2017-ին կազմել է 20832 հեկտար, իսկ այս տարի ակնկալվում է այդ թիվը հասցնել 23500 հեկտարի:

Վարչապետը խնդիր է դրել քայլեր ձեռնարկել սպանդանոցների անհրաժեշտ թիվն ապահովելու համար, քանի որ ընթացիկ տարվա հուլիսից հանրապետությունն անցում է կատարելու բացառապես սպանդանոցային մորթի:

«Ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագրերը բիզնեսի առումով շատ ձեռնտու են: Երկու-երեք տոկոսով վարկ ենք տալիս, որպեսզի գյուղական համայնքներում աշխատող մարդկանց շանս տանք հաջողակ լինելու, փող աշխատելու ու դա դառնա մոդայիկ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ պահանջելով ընդլայնել նշված ծրագրերից օգտվողների շրջանակը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ համայնքային, մարզային եւ հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող այլ հարցեր: