Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների եւ տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք:

Ավանդական դարձած սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2017թ. խորհրդի եւ տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2018թ. նախատեսված աշխատանքներն ու կանանց խորհրդի առջեւ դրված խնդիրները:

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող կարեւոր եւ արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես երկրի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական վիճակին, կրթության ոլորտում բարեփոխումներին, ժողովրդագրական խնդիրներին եւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերին:

Հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նաեւ պարգեւներ է հանձնել ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին. Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալով պարգեւատրել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին եւ Մարգարիտ Եսայանին՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվոգրով, շնորհակալագրով եւ հուշանվերներով են պարգեւատրվել կանանց խորհրդի մի խումբ անդամներ՝ կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:

Նախագահը կարեւորել է ՀՀԿ կանանց խորհրդի հետ ավանդական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս ազատ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկելու հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերը, անդրադառնալու պետության ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին ու արդիական խնդիրներին, կուսակցական գործունեությանը եւ դրա շրջանակներում կանանց կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորել է ներկաներին եւ ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց առաջիկա տոնի առթիվ՝ մաղթել երջանկություն, հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում՝ ընդգծելով, որ կանանցից շատ բան է կախված թե՛ ընտանիքի համերաշխության ապահովման, թե՛ ընդհանրապես երկրի հաջողության գործում: Նշելով, որ մեր երկրում դեռեւս կանանց հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ դեռեւս անելիքներ կան:

Տոնի առթիվ Նախագահը հանդիպմանը ներկա կանանց նվիրել է վերջերս հայ գրահրատարակիչների հրատարակած «Գիտելիքների հանրագիտարան» պատկերազարդ, շքեղ հատորը, որից մեկ օրինակ նվեր էր ստացել Գիրք նվիրելու օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանրագիտարանն օգտակար ու հետաքրքիր կլինի նաեւ հանդիպմանը մասնակցող կանանց ընտանիքների անդամներին:

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին հետաքրքիր եւ օգտակար հանդիպման, ինչպես նաեւ կանանց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ խորհրդի անունից նրան նվիրել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքներից: