ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթա աս Սիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Այս մասին ասվում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Բասամ Ռադայի հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Նախագահ աս Սիսին այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր մակարդակներում եգիպտա-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղիները՝ հաշվի առնելով դրանց ռազմավարական բնույթը: Երկու ղեկավարները համաձայնել են նպաստել երկկողմ համագործակցության առաջխաղացմանը բոլոր ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել է Ռադան, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել  նաեւ տարածաշրջանային իրավիճակին եւ «առկա ճգնաժամերի վերացման համար քաղաքական լուծումների անհրաժեշտությանը»: «Ամերիկայի նախագահը բարձր է գնահատել Եգիպտոսի՝ այս բնագավառում ջանքերը՝ վստահեցնելով, որ Միացյալ Նահանգներն աջակցում են Եգիպտոսին ահաբեկչության դեմ պատերազմում»,- ասել է Ռադան: