Ռուս-լեհական սահմանին վարազների արտագաղթը կանխելու համար մետաղյա ցանկապատ կհայտնվի, հաղորդում է Կալինինգրադում Լեհաստանի մշակութային կենտրոնը՝ վկայակոչելով երկրի լրատվամիջոցներին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունը ցանկապատը նախատեսում է կառուցել Վարիմ-Մազուրյան նահանգի եւ Կալինինգրադի մարզի միջեւ պետական սահմանների երկայնքով: Սա պետք է օգնի աֆրիկյան խոզի ժանտախտի դեմ պայքարում:
Լեհաստանում կարծում են, որ վարազների քանակը պետք է սահմանափակվի, մի կողմից` կրակելով, իսկ մյուս կողմից՝ Կալինինգրադի մարզի սահմանին ցանկապատի կառուցման միջոցով: Պատնեշը կկառուցվի 2 մետր բարձրությամբ, ցինկապատ ցանցից:
Լեհաստանում ԱԽԺ-ը լայն տարածում էր գտել: Կալինինգրադի մարզում վիրուսը գրանցվել էր 2017 թվականի աշնանը, սակայն տարածում չէր գտել:




























