Այսօր` սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանի համերգը: Երեւանում նրա առաջին մենահամերգին կմասնակցի Լեգրանի կինը՝ տավղահար Կատրին Միշելը, քույրը՝ երգչուհի Քրիստինա Լեգրանը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Երկու օրից ավելի է` կոմպոզիտորը փորձեր է անում նվագախմբի հետ: Լեգրանն ասում է, որ թեեւ երիտասարդական նվագախումբը շատ փորձ չունի, սակայն բավականին տաղանդավոր եւ հեռանկարային է:
Լեգրանը վաղվա մենահամերգին կկատարի իր հայտնի ստեղծագործությունները՝ ֆիլմերից ու մյուզիքլներից: Նա միեւնույն ժամանակ երգելու է, նվագելու եւ դիրիժորություն է անելու:
Ներկայումս Միշել Լեգրանը գրում է մյուզիքլներ, ունի 2 օպերա, որոնցից մեկը ներկայացվելու է Լոնդոնում, մյուսը՝ Փարիզում: 2010 թվականին «Շերբուրյան հովանոցների» մոտիվների հիման վրա պատրաստվում է ֆիլմ նկարահանել: Այն լինելու է սիրո մասին, կոչվելու է «Կույր սեր» եւ նկարահանվելու է Հնդկաստանում: Լեգրանը ֆիլմի ռեժիսորը լինելուց բացի նաեւ երաժշտության հեղինակն է: Նա ասում է՝ ֆիլմ է նկարահանում, որպեսզի պատկերների միջոցով արտահայտի երաժշտությունը:
Միշել Լեգրանը ծնվել է Փարիզում եւ ունի հայկական արմատներ: Ստացել է 3 «Օսկար», «Սեզար», 12 «Ոսկե գլոբուս» եւ 5 «Գրեմմի» մրցանակներ: Գրել է 200-ից ավելի ֆիլմերի երաժշտություններ: Աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Էդիթ Պիաֆի, Շառլ Ազնավուրի, Լայզա Մինելիի, Բարբարա Սթրեյզնդի, Դայանա Ռոսի և շատ այլ աշխարհահռչակ վոկալիստների հետ:
Նշենք, որ Լեգրանի համերգի տոմսերը արժեն 3000-20 000 դրամ:



















