Հայաստանն ու Ռուսաստանն ուսումնասիրում են Երեւանում Թատերական մշակույթի պետական ինստիտուտի (ԹՄՊԻ) մասնաճյուղ բացելու հնարավորությունը,- հայտնում է Ռուսաստանի հայկական համայնքի «Երեւան» թերթը։

Այս մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Արտասահմանում ապրող հայրենակիցների ու միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով ԱՊՀ գործերի դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը։

«Դա հնարավորություն կտա հումանիտար այդ խմբի առավել շնորհալի ներկայացուցիչներին՝ ստանալ կամ շարունակել կրթությունը ռուսաստանյան ԹՄՊԻ-ի չափանիշներով»,- նշել է Մուխամետշինը՝ ընդգծելով, թե դրամաշնորհների այն ոչ մեծ քանակությունը, որը տրամադրվում է այսօր ռուսական թատերական բուհերում ուսանելու նպատակով, բավարար չէ։ «Այդ պատճառով է ծնվել նման գաղափար, եւ մենք մտածում ենք, որ այն մոտ ժամանակներս կմշակվի»,- ասել է Մուխամետշինը։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ խոսելով հանդիպման արդյունքների մասին՝ Մուխամետշինը նշել է, որ «Ռուսհամագործակցությունը» մտադիր է աջակցել եւ մշակել մի շարք հետաքրքիր գաղափարներ։ «Այն է՝ ռուսական ու հայկական հեռուստատեսությունների մշակութային ալիքների միջեւ շփումների, կապերի ու համագործակցության ընդլայնումը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- պարզաբանել է նա։