Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան գնել է ռուսական C-400 համակարգերը, քանի որ հրատապ հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք է ունեցել: Այս մասին թուրք նախարարն ասել է Zeit» գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:

Եթե չլինեին ԱՄՆ Կոնգրեսում տարաձայնությունները, երկիրը կգներ ամերիկյան համալիրները, բացատրել է  նա:

Ի՞նչն է պատճառը, որ Թուրքիան`ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգեր է ձեռք բերում:

Այս հարցին Չավուշօղլուն պատասպանել է. «Դրանք մեզ հրատապ էին անհրաժեշտ, քանի որ մենք չունենք ՀՕՊ համակարգեր»:

«Մենք ԱՄՆ-ի հետ անգամ սովորական զենք գնելու ժամանակ խնդրներ ունենք՝ Կոնգրեսում տարաձայնությունների պատճառով: Կարեւոր չէ թե ումից, բայց մենք պետք է գնենք հակահրթիռային համալիրներ: Եթե ԱՄՆ կառավարությունը երաշխավորի, որ Կոնգրեսը թույլ կտա, մնք կգնենք ձեր Patriot համակարգերը», — ասել է նա:

Չավուշօղլուն նաեւ նշել է Սիրիայում քաղաքական լուծման որոնման առաջընթացը, որը  ձեռք է բերվել Ռուսաստանի հետ համատեղ:

«Մեկուկես տարվա ընթացքում մենք առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի հետ` հրադադարի ռեժիմի եւ դեէսկալացիայի գոտիների դեպքում` Սիրիայում քաղաքական լուծում գտնելու հարցում», - ասել է նախարարը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այս առումով Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանն ու Իրանը «կդադարեն խախտել Աստանայի եւ Սոչիի պայմանավորվածությունները»: Նա չի նշել, թե ինչ խախտումների մասին  է խոսքը:

Լրագրողի հարցին, թե ինչպես է Անկարան պատրաստվում արձագանքել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող հնարավոր պատժամիջոցներին, Չավուշօղլուն ասել է. «Եթե նրանք ցանկանում են պատժել Թուրքիային պատժամիջոցներով, ապա Թուրքիան այլ կերպ կարձագանքի, քան Ռուսաստանը կամ այլ երկրներ»:

 «Մենք կպատասխանենք. Դուք չպետք է մեզ սպառնաք: ԱՄՆ-ն շատերին է սպառնում, ասելով՝ «Մի գնեք գազ այս կամ այն երկրից»: «Այդպես չի լինի», — հավելել է նա: