Ֆրանսիական «Ազգային ճակատի» ղեկավար Մարի Լը Պենը կուսակցության անդամներին «թարմացման ուղու» կոչ է արել, հաղորդում է DW-ն:

«Ես դիմում եմ ձեր ոգեւորությանը` անհրաժեշտ փոփոխությունների խթանման համար», - Twitter-ի իր էջում մարտի 10-ին գրել է նա:

Լիլլում «Ազգային ճակատի» երկօրյա համագումարը պետք է որոշի կուսակցական գործունեության նոր ուղղությունները, որոնք Ֆրանսիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած անհաջողություններից հետո ժողովրդականության անկման խնդրին են բախվել:

Մի քանի տարի է, Մարին Լը Պենը, «Ազգային ճակատի» մրցունակության բարձրացման համար, փորձում է նրան վատ վարկանիշից փրկել: Ի թիվս այլ բաների, ակնկալվում է, որ կիրակի նա կոնգրեսի պատվիրակներին կառաջարկի վերանվանել կուսակցության անվանումը: Լը Պենը նաեւ չի բացառում այլ քաղաքական խմբերի հետ համագործակցությունը՝  «փոխզիջմային կառույց» ստեղծելու նպատակով:

Շաբաթ կայանալիք համագումարում պատվիրակները կքննարկեն այն հարցը, թե արդյոք կուսակցությունը 2019 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում Եվրամիությունից դուրս գալու պահանջ է ներկայացնելու: Բացի այդ, շաբաթ երեկոյան համագումարում սպասվում է ամերիկացի քաղաքական գործիչ Սթիվ Բենոնի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականի ելույթը: Նա այժմ ճանապարհորդում  է Եվրոպայով՝ քննարկելով աջ պոպուլիստական ուժերի միություն ստեղծելու հնարավորությունը: