Մահարաշթրա նահանգի մոտ 34 հազար ֆերմեր կիրակի օրը մասնակցել են Մումբայի փողոցներում անցկացվող բողոքի ակցիային՝ պահանջելով նվազեցնել գործող հարկերը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով NDTV հեռուստաընկերությունը, ֆերմերներն ու գյուղացիները պահանջում են դադարեցնել «հակագյուղացիական քաղաքականությունը»:

Ցուցարարները մտադիր են երկուշաբթի օրը շրջափակել Մահարաշթրա նահանգի օրենսդիր ժողովը՝ թույլ չտալով այնտեղ գտնվողներին լքել շենքը, քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել: Ցուցարարները պահանջում են, իրենց կարծիքով, անարդար հարկերի, գյուղատնտեսական արտադրանքի գների բարձրացման և էլեկտրաէներգիայի պարտքերի չեղարկում, ինչպես նաեւ՝ մի շարք այլ զիջումներ իշխանության կողմից:

Մումբայի ոստիկանությունը հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի անկարգություններ տեղի ունենան: Ընդ որում, Մահարաշթրայի քաղաքապետարանը զգուշացնում է, որ բողոքի ակցիայի պատճառով տրանսպորտը կարող է ընդհատումներով աշխատել: