Եվրամիությունը Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում  ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրամիության երկրների հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում: «Ժամանակն է բառերը պայմանագրերի վերածել, իսկ  խոստումները՝ համաձայնագրերի», - ընդգծել է Յունկերը՝ հիշեցնելով, որ մինչեւ բրեքսիտը մեկ տարի է մնացել, հաղորդում է DW-ն:

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մտադիր են մարտի 22-23-ն անցկացվող գագաթաժողովում բրեքսիտից հետո՝ անցումային շրջանի համար, միասնական դիրքորոշում ձեւավորել:

Այդ ժամանակահատվածում ԵՄ-ի տնտեսական քաղաքականության սկզբունքները մասամբ կպահպանվեն Բրիտանիայի նկատմամբ:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր, որ ազատ առեւտրի մասին ապագա համաձայնագրի շրջանակներում Մեծ Բրիտանիան չի կարող հույս ունենալ, որ անսահմանափակ մուտք է ունենալու ԵՄ շուկա: Չի կարելի ձգտել «երրորդ երկրի» կարգավիճակի եւ միեւնույն ժամանակ ունենալ ԵՄ անդամների համար նախատեսված արտոնությունները, օրինակ` առեւտրի մեջ, կարծում է բրեքսիտի մասին բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն: