Հայաստանի գրողների միության նախագահի՝ այսօր կայացած ընտրությունները Հայաստանում ձեւավորված ընդհանուր ավանդույթի համաձայն անցել են կոպիտ ընտրախախտումներով: ՀԳՄ նախագահի պաշտոնում նախապես առաջադրվել էին գործող նախագահ Լեւոն Անանյանը, Ռազմիկ Դավոյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Մուրադյանն ուԴավիթ Գասպարյանը, սակայն վերջին երեքն ինքնաբացարկ են հայտարարել։ Հիշեցնենք, որ Լեւոն Անանյանն ու Ռազմիկ Դավոյանը անհաշտ պայքար են մղում իրար դեմ՝ երբեմն չխորշելով անձնական բնույթի վիրավորանքներ հասցնելուց:
Նախատեսվում էր, որ ՀԳՄ նախագահի ընտրության քվեարկությունը կսկսվի ժամը 15-ին, սակայն այն սկսվել էր 30 րոպե շուտ։ Իմանալով, որ ընտրություններն սկսվել են նախատեսվածից շուտ, Ռազմիկ Դավոյանը մեծ աղմուկ է բարձրացրել, ինչից հետո քվեարկությունը դադարեցվել է։ Դավոյանը բողոքել է, թե քվեատուփերն արդեն լի են եղել քվեաթերթիկներով, եւ դրանից հետո քվեատուփերը դատարկվել են եւ նոր ընտրություններ են նշանակվել։ Ռազմիկ Դավոյանը նաեւ նկատել է, որ թեկնածուները պիտի ներկայացնեին իրենց մոտեցումները, սակայն դա էլ պատշաճ կերպ չի կատարվել: Ինչեւէ, կանոնադրության այս եւ այլ խախտումներից հետո համագումարում գրանցված 289 պատվիրակները ՀԳՄ նոր նախագահ են ընտրել, որը, սակայն, այնքան էլ նոր չէր: Առաջիկա տարիներին կրկին միությունը կղեկավարի Լեւոն Անանյանը: Քվեարկությանը մասնակցել է 274 պատվիրակ, որոնցից 197-ը քվեարկել է Լեւոն Անանյանի օգտին, 29-ը՝ Ռազմիկ Դավոյանի։ 48-ը ձեռնպահ են մնացել։
Ի դեպ, Անանյանն այսօր հրաժարվել է դահլիճ թողնել նաեւ մի մեծ խումբ լրագրողների՝ հայտարարելով, թե ՀԳՄ ընդհանուր ժողովը լուսաբանել կարող են միայն հավատարմագրված լրագրողները, թեեւ նախապես նման պայմանավորվածություն չի եղել:



















