«Երբեմն, երբ կա լարվածություն, քաղաքական գործիչները ավելի արագ են շարժվում առաջ, քան երբ այդ լարվածությունը չկա» ,- նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալան Դելետրոզը, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ԼՂ խնդիրը կարող է լուծվել մինչեւ հոկտեմբեր, երբ լրանում է հայ-թուրքական արձանագրությունները սոտրագրելու ժամանակը: Հիշեցնենք, որ թուրք շատ գործիչներ հայտարարել են, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն այն ժամանակ, երբ առաջխաղացում կլինի նաեւ ԼՂ խնդրում:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանի «Նաբուկո»-ին միանալու հնարավորությանը, ապա Դելետրոզը նշել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: «Հավանաբար դա դիվանագիտական շրջանակներում հնչել է որպես ապագային ուղղված առաջարկ»,- ասել է նա:
«Եթե սահմանները բացվեն մոտակա ամիսներին, դա առաջին հերթին կլինի Հայաստանի հսկայական դիվանագիտական հաղթանակը եւ տնտեսապես կփոխի տարածաշրջանի հոսքերը: Կան նոր երկաթուղիների ստեղծման նախագծեր: Հիմա Հայաստանի առեւտրային ուղիներն են հիմնականում Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը, իսկ սահմանները բացվելու պարագայում բացվում են նոր տարածքներ, որոնք Հայաստանը կկապեն ինչպես Մերձավոր Արեւելքի երկրներին, այնպես էլ Միջերկրական ծովի միջոցով` Եվրոպային: Այնպես որ, դա Հայաստանի համար զգալի փոփոխություն կլինի»,- ընդգծել է Դելետրոզը:



















