Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետարանը մեր ակցիաները չի արտոնել, այդուհանդերձ, դաշնակցությունը, ինչպես եւ ասել էր, իրականացնելու է իր բոլոր նախատեսած ակցիաները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նա նաեւ ասաց, որ չնայած տարածվող լուրերին, թե հացադուլ չի լինելու, այն անպայման լինելու է: Ըստ Ռուստամյանի՝ լինելու է նաեւ նստացույց, որին մասնակցելու են նաեւ ՀՅԴ խմբակցության անդամներ: Սակայն հացադուլավորների ցուցակում խմբակցության անդամներ չկան:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի ակցիան սկսվելու է 14:30-ին՝ Հանրապետության հրապարակում:
Ի դեպ, ԱԺ Դաշնակցություն խմբակցությունն արդեն ԱԺ-ին է ներկայացրել օգոստոսի 31-ին հրապարակված նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր առաջարկած փոփոխությունների փաթեթը:




























