Վրաստանը կոչ է անում աշխարհին լավ մտածել այն մասին, թե արժե արդյոք զինամթերք մատակարարել Ռուսաստանին։ Այս մասին ասվում է այսօր, սեպտեմբերի 15-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում, որը մեկնաբանում է ռազմա-դեսանտային «Միստրալ» նավի ձեռքբերման տենդեր հայտարարելու Ռուսաստանի որոշումը,- հաղորդում է «Грузия Online»-ը։
«Ռուսական կողմի ներկայացուցիչները վրացական կողմին մշտապես մեղադրում են ռազմական հանդերձանքի ձեռքբերման ու երկրի ռազմականացման մեջ, ինչն, իհարկե, չի համապատասխանում առկա իրականությանը։ Հենվելով այդ ապատեղեկատվության վրա, Ռուսաստանը թախանձագին պահանջում է, որպեսզի միջազգային հանրությունը էմբարգո սահմանի Վրաստանի հետ ռազմական համագործակցության վրա»,- ասվում է վրաց արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Ելնելով վերը շարադրածից, ինչպես նշում է գերատեսչությունը, վրացական կողմը կոչ է անում ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ տենդերին մասնակցող կողմերին, «լավ մտածել Ռուսաստանի կողմից նոր զինամթերքի կիրառման հնարավոր ուղղության մասին, եւ դրանից ելնելով, որոշում կայացնել Ռուսաստան զինամթերք մատակարարելու կապակցությամբ»։




























