Այսօր՝ սեպտեմբերի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քաղաքական քննարկումեր կանցկացնի թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության, «Բարգավաճում» կուսակցության եւ «Ժողովրդավարական ձախ» կուսակցության հետ։

Այսօր Թուրքիայի ժամանակով 12:45-ին Դավութօղլուն կհանդիպի «Բարգավաճում» (Saadet) կուսակցության հետ։ Այդ կուսակցությունը համարվում է իսլամամետ։ Նրա անդամների հիմնական մասը կազմում են դեռեւս 1998 թվականին Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից արգելված «Բարօրություն» (Refah) կուսակցության անդամները։ «Բարօրություն» կուսակցության անդամներից են եղել Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ նախագահ Աբդուլահ Գյուլը, ինչպես նաեւ նրանց կուսակցության (AKP, Արդարություն եւ զարգացում) անդամների մի զգալի մասը։

Ժամը 14:00-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կհանդիպի թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի հետ։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հիմնադիր եւ ցմահ առաջնորդն է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Ներկայիս թուրքական խորհրդարանում «Ժողովրդա-հանրապետականը» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է։ Այն ստացել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում 21 տոկոս եւ ունի 112 պատգավոր։ Այս կուսակցությունը դեմ է հանդես գալիս թե՛ քրդական հարցի կարգավորմանը, թե՛ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս կուսակցությունում գտնում են, որ նախ պետք է հայկական ուժերը վերադարձնեն իբր «գրավյալ» տարածքները։

Իսկ այսօրվա վերջին հանդիպումը Դավութօղլուն կանցկացնի 15:30-ին «Ժողովրդավարական ձախ» կուսակցության (DSP) ղեկավար Մասում Թուրքերի հետ։