«Լեւոն Տեր-Պետրոսյանը իմ հարազատն է, եւ ինչքան պետք եղավ, ես կօգնեմ իրեն»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հակոբյանը վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ էր այցելում Ազգային ժողով. ԱԺ-ն նրան 2008թ. մարտի 4-ին հանձնել էր իրավապահների ձեռքը, եւ Հակոբյանը մեկուկես տարի անցկացրեց անազատության մեջ:
Շարունակելու եք արդյո՞ք ձեր պայքարը, NEWS.am-ի հարցին Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իմ պայքարը ընտրության հետ կապված, իմ հիմնական նպատակը եղել է այն, որ արյունահեղություն չլինի: Ես մի անգամ չեմ ասել, շատ եմ ասել»: Ի դեպ, Հակոբյանը, այցելելով ԱԺ, ջերմորեն բարեւեց միջանցքում հավաքված պատգամավորներին, հատկապես իր սանիկին՝ Սամվել Ալեքսանյանին: Լրագրողների զարմացած հայացքներին նա պատասխանեց, որ իր անազատության ժամանակ Ալեքսանյանը բազմիցս այցելել է իրեն: «Ժառանգության պատգամավորներն էլ են շատ եկել»,- ասաց նա:




























